Դոնի ռազմապատմական թանգարան
Դոնի ռազմապատմական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով և Նեդվիգովկա (Մյասնիկովի շրջան) |
Հասցե | Բուդյոննու պողոտա |
Հիմնադրվել է | 2006 |
Դոնի ռազմապատմական թանգարան (ռուս.՝ Донской военно-исторический музей), ռազմական պատմության թանգարան։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում և Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի Նեդվիգովկա գյուղում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոստովի ռազմական պատմության թանգարանը ստեղծվել է 2006 թվականին այցելուներին Ռուսաստանի բանակի պատմությանը և պետության կյանքում նրա ունեցած դերին ծանոթացնելու նպատակով։ Թանգարանում ներկայացված են մեծ քանակությամբ հրաձգային զենք, ավտոմոբիլային տեխնիկա, տանկեր և Դոնի շրջանի ռազմական պատմությանն առնչվող այլ ցուցանմուշներ։ Թանգարանն իրականացնում է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների, թաթար-մոնղոլական ներխուժման ժամանակների և այլ իրադարձությունների վերականգնվածքները։
Դոնի Ռոստովի թանգարանի ծածկած հատվածի ցուցադրությունում ներկայացված են զորավարների լուսանկարներ, զինվորական հագուստ, կենցաղային իրեր, հանդերձանքի տարրեր և տարբեր ժամանակների ռուս զինվորի գույք։ Ցուցանմուշների թվում են մուշկետներ, ատրճանակներ, ինքնաձիգներ, հրացաններ, գնդացիրներ, ականանետներ, թրեր, սուսերներ, նռնակներ և ռազմական տեխնիկայի տարբեր տեսակի մեծ քանակություն։
Թանգարանի բացօթյա ցուցադրությունում, որը գտնվում է Ռոստովից 20 կմ հեռավորության վրա՝ Նեդվիգովկա գյուղում, ներկայացված է խոշոր ռազմական տեխնիկա[1]։ Այստեղ նաև կառուցված են հանգարներ, ներկայացված է հինավուրց ռազմական ամրոցի մանրակերտը։
Բաց երկնքի տակ և հանգարներում կարելի է տեսնել խոշորաչափ տեխնիկայի հազվագյուտ նմուշներ, այդ թվում՝ տանկեր, զրահամեքենաներ, Կարմիր խաչի ավտոմեքենաներ, ականապատված դաշտերի ականազերծման մեքենաներ, տրանսպորտի տարբեր տեսակներ (ԳԱԶ-Մ1 ֆայտոն, ԳԱԶ-67բ, ԶԻՍ-5, Stoewer R200 Kfz 4, բեռնատար L2H143), Երկրորդ Համաշխարհային պատերազմի շրջանի Խորհրդային Միության (գվարդիական Կատյուշա ԲՄ-13Ն ականանետ), Գերմանիայի (75 մմ թեթև հետևակային 7,5-սանտիմետրանոց le.I.G.18 թնդանոթ) և ԱՄՆ-ի հրետանային սպառազինություն։ Գործող ռազմական տեխնիկան մասնակցում է ռազմական շքերթներին։
Թանգարանի աշխատակիցները նկարահանում են պատմափաստագրական ֆիլմեր։ Դրանց թվում են՝ «43-ի փետրվար։ Ռոստովի ազատագրումը», «Միուս-ճակատի ճեղքումը», «Հայրենիքի Վահանը և Սուրը» և այլն։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին պատկերներ | |
---|---|
Դոնի ռազմապատմական թանգարան |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնի ռազմապատմական թանգարան» հոդվածին։ |